ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ապաշխարե՛ք զղջումով

Ապաշխարե՛ք զղջումով
05.05.2009 | 00:00

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵ՞Ղ, ԹԵ՞ ՓՈԹՈՐԻԿ ՄԻ ԳԱՎԱԹ ՋՐՈՒՄ
«ԱԶԳ ՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐ ՏԻՐՈՋԸ ՉԾԱՌԱՅԻ, ՊԻՏԻ ՈՉՆՉԱՆԱ»
Բոլորովին էլ հոգս չէի անի պատասխանելու պարոն Արմենի հոդվածին («Ինչո՞ւ հայերս այդքան ընկալունակ ենք Նոյյան տապանի նկատմամբ», «Իրավունքը de facto», թիվ 29), որի միջոցով նա ջանացել է իբրև թե դարերով անհայտ ճշմարտություն բացահայտել և Սուրբ Գրքի մեջ անսրբություններ գտնել, բայց քրիստոնյայի պարտականությունն ինձ մղեց գրելու այս պատասխանը, քանի որ կլինեն հայորդի ընթերցողներ, ովքեր, դեռևս չիմանալով իրենց աջն ու ձախը, այսինքն` անտեղյակ լինելով Աստծո խոսքին, գուցե տրվեն հոդվածագրի գիտա-բնապաշտական գաղափարներին, և ինչպես ինքն է անհանգստանում նման հայորդիների համար, հանկարծ «դատարկություն չզգան» իրենց կողոպտված հոգիներում։
Զո՜ւր եք անհանգստանում, պարոն հոդվածագիր, Դուք դեռևս լավ չեք ճանաչում հայի խորախորհուրդ աստվածունակ հոգին, որը տիեզերական ճշմարտությունն ազգերից առաջինն ընդունելով, իր արյունն է թափել, որ հաղթանակի Աստծո ճշմարտությունը ստության հոր՝ սատանայի հնարքների դեմ։ Վկա են մեր բազում սրբերը՝ ռամիկից, շինականից սկսած մինչև զորավարներ, մտավորականներ, թագավորներ ու հոգևորականներ, ավելացնենք նաև դեռատի կույսեր ու փափկասուն կանայք։ Անունները չգրենք, որովհետև այդ օրհնյալների քանակը բազում է։
Սկսենք պատասխանը Նոյյան տապանի և ջրհեղեղի մասին հեղինակի գիտաֆիզիկական «հայտնագործությունից», որ իբր ոչ մի ջրհեղեղ էլ չի եղել, որովհետև դա անհնար է թվում հոդվածագրին, որովհետև այն չի համապատասխանում իր թերմոդինամիկական հաշվարկներին։ Եվ հոդվածի հեղինակը գիտաֆիզիկական տերմինների հեղեղով փորձում է խեղճ անտեղյակներիս Աստվածաշնչի դեմ հանել, անվանելով Սուրբ Գրքի հեղինակին ստախոս։ Այս տողերը կարդալիս մի պահ կոմունիստական խավարամտության տարիները հիշեցի, երբ նման մեթոդներով՝ Դարվինի կապկային ուսմունքով փորձում էին ժողովրդին Աստծուց հեռացնել, բայց փոխարենը ստության ավազի վրա կառուցած իրենց կայսրությունը փլատակների վերածվեց. այդպես է, քանզի գրված է Աստծո խոսքում` «Ազգ ու ժողովուրդ, որ Տիրոջը չծառայի, պիտի ոչնչանա»։
Մենք չգիտենք, թե մինչջրհեղեղյան դարերի երկարակեցություն ունեցող մարդկանց գիտական մակարդակն ինչ աստիճանի է զարգացած եղել, բայց որ եղել է, փաստ է, որովհետև այդ ահռելի տապանը սարքելու համար իսկապես մեծ հմտություն ու խելք էր պետք, բա՞յց… Հենց այս «բայց»-ի տակ է թաքնված ամբողջ գաղտնիքը, թե ինչու այդ «գիտուններից» և ոչ մեկը տապան չմտավ, այլ միայն Նոյն ու իր սակավ ընտանիքը մտավ` ընդամենը ութ հոգի, իսկ մնացածն անասուններով լցվեց։ Պատասխանը մեկն է. որովհետև նրանք չհավատացին գալիք ջրհեղեղի մասին Նոյի հարյուրամյա քարոզին (քանզի ճիշտ այդքան տևեց տապանի կառուցումը)։ Ահա բանալին՝ չհավատացի՛ն, կամ էլ թերևս թերահավատ գտնվեցին, և շատերը հույսները դրեցին իրենց ամուր բերդերի կամ բարձր լեռների վրա, բայց նրանց հաշվարկները մարդկային էին, ինչպես այդ հոդվածագրի ֆիզիկա-մաթեմատիկական տվյալները, քանզի այն Աստծո խոսքի հանդեպ անհավատությունից է սկիզբ առնում, օգտվելով մարդկության տկարամտության պղտոր ջրերից։ Ինչպես գրված է Աստվածաշնչում` «Ես եմ Տերը, որ անում, կատարում եմ ամեն ինչ, միայնակ տարածեցի երկինքը և հաստատեցի երկիրը… ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում» (Եսայի, 44,24)։
Նման դեպքի մենք ականատես եղանք վերջերս, «Կատրին» անունով հողմափոթորկի՝ ցունամիի ժամանակ, երբ ամերիկյան Նոր Օռլեանի և մերձակա բնակիչներից շատերը, չնայած կառավարության զգուշացումներին, հույսները դնելով իրենց տների բարձրության, ամրության և չգիտեմ էլ ինչ վստահելի պատսպարանների վրա և… ամոթով մնացին, հատուցելով իրենց կյանքով։ Օվկիանոսից ցամաք ներխուժած ջրաքանակն ավելին էր, քան մինչ այդ եղել էր. մարդկային մտքից ու սպասումներից առավել։ Այո՛, մարդկային մտքից վեր բաներ է անում Աստված, և դեռ անելու է, երբ հարկ է լինում խրատելու, երբեմն էլ պատժելու Իր հանդգնացած արարածներին։ Քանի որ այնտեղ ապրած հայորդիներից լսեցի, որ այդ քաղաքը վերածվել էր ջազի ու հաշիշի անգիշեր քսանչորսժամյա պոռնկատան, ուր շտապում էին այդ մեղքերի սիրահարները։
Նույնը և պատահեց նորզելանդական կղզիների բնակիչների հետ, որտեղ վաճառքի էր հանվում ամեն ինչ՝ սկսած սեփական մանկահասակ երեխաներից, քանի որ այնտեղ պղծության զվարճանքի մեկնած «փողի տոպրակները» շատ թանկ էին վճարում դրանց համար, և երկրային դրախտ կոչվող այդ վայրը, մի հսկայական ու աներևակայելի ալիքի հարվածով, վերածվեց երկրային դժոխքի, քանզի Աստծո խոսքն ասում է. «Մեղքի վարձքը մահ է»։ Եվ երբ մարդկային մեղքի չափը լցնում է Աստծո համբերության բաժակը, այն թափվում է մարդկանց վրա զանազան պատուհասների ձևով։ Տիրոջ խոսքը նաև դրանց մասին է զգուշացնում, ասելով. «Կրակը, կարկուտը, սովը և մահը, այս բոլորը վրեժխնդրութեան համար են ստեղծուած:
Գազանների ժանիքները, իժերը, օձերը և սուրը վրիժառութեան համար են՝ ամբարիշտներին սատակեցնելու համար»
(Սիրաքի իմաստություն, 39,35-36):
Եվ դարձյալ` «Տերը պիտի սպառազինվի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրեժ լուծելու համար. իբրև զրահ նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին, որպես վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբությունը և որպես հատու սուսեր պիտի սրի բարկությունը:
Ամպերից, ինչպես լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան և թռչեն դեպի նպատակակետը, և բարկությունից, ինչպես քարանետից, առատ կարկուտ պիտի թափվի, ծովի ջրերը պիտի զայրագին հորդեն նրանց վրա, գետերը պիտի անխնա ողողեն, բուռն հողմը պիտի հարվածի նրանց դեմքին և, ինչպես մրրիկը, պիտի քշի նրանց: Անօրենությունը պիտի ավերի ողջ երկիրը, և խարդախությունը պիտի կործանի բռնակալների գահերը»:
(Իմաստություն Սողոմոնի, 5,18-24)։
Այդպես երկնաքեր բուրգեր կառուցող Եգիպտոսի քուրմերի իմաստությունը չբավեց, որ տեսնեն Մովսեսի թիկունքում կանգնած Տիրոջը, և անիմաստ համառությամբ կործանեցին իրենց բարեբեր երկիրը, քանզի այդ պատժամիջոցների զորությանը հանդիպեցին, կորցնելով նաև սեփական անդրանիկներին, Փարավոնից սկսյալ։ ՈՒ հիմա բնիկ եգիպտացիները (որոնց մենք ղպտիներ ենք կոչում) սեփական իսկ երկրում որպես էթնիկական տարր են համարվում, քանզի իշխանությունն ու երկիրը մուսուլման արաբների ձեռքում են գտնվում։
Իսկ ո՞ւր են այժմ այն մեծ ու հզոր, աշխարհի ազգերի ու Աստծո դեմ հոխորտացող Ասորեստանն ու Բաբելոնը, որոնք փուչ կուռքերին ու կախարդություններին ապավինեցին. անբնակ ավերակների անշուք կույտի են վերածվել, քանզի նրանք էլ հպարտացան Տիրոջ դեմ։
ՈՒ այս չար ու խաբուսիկ ժամանակներում մենք ևս չզարմանանք Աստծո ճշմարտությունը մարդկային փուչ բանականությամբ հերքող, մոլորեցնող հոդվածներ ու գրքեր հանդիպելուց, որովհետև, ըստ Տիրոջ խոսքի, մարգարեությունների նման բաներ պետք է որ լինեն աշխարհի վախճանից առաջ:
Որպեսզի ընթերցողներից ոմանք անտեղյակ չլինեն ու հեղինակի նման իրենց մարդկային իմաստությանը չապավինեն ու գալիք վրեժխնդրության օրերին Աստծո փրկությանն արժանանան, այժմ Աստվածաշնչից ընդարձակ մեջբերում եմ անում ողջ մարդկությանը սպասվող ապագա պատուհասների մասին։ Քանի որ հին աշխարհը ջրհեղեղի միջոցով կորսվելով, ներկայիս մնացորդը օրինակ չառավ այդ պատիժը և ընդհակառակը՝ իրենց բազում ու աներևակայելի պղծագործություններով դարձյալ բորբոքեցին ողորմած Աստծո բարկությունը։ Պետրոս առաքյալի միջոցով Տերը դարձյալ զգուշացնում է համայն մարդկությանը, այս անգամ կրակով պատժի մասին. «Ձեր մեջ կարող են լինել սուտ ուսուցիչներ, որոնք, սպրդեցնելով, կորստաբեր հերձվածներ են ներմուծելու և, ուրանալով Տիրոջը… և իրենց վրա արագահաս կորուստ են բերելու: Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից. և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի: Եվ ընչաքաղցությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունը սկզբից հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա:
Քանզի Աստված չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար:
Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղը բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում նաև Նոյին՝ արդարության քարոզչին: Նույնպես նա սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար…
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար՝ տանջանքների մատնելու նրանց, մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծո իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառավոր էակներին հայհոյելուց։
Բայց այս մարդիկ, անբան անասունների նման (որոնք ի բնե որսի և մորթվելու համար են), հայհոյում են իրենց չիմացած բաների դեմ և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝ որպես վարձատրություն իրենց անիրավության։

ՏԻՐՈՋ ԵՐԿՐՈՐԴ ԳԱԼՍՏԵԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ
Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում հիշեցման համար. հիշեցե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապէս ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները:
Բայց նախ այս բանն իմացե՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկությունների և պիտի ասեն. «Ո՞Ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամէն ինչ այն նոյն ձևով է մնում, ինչպես էր արարչագործության սկզբից»:
Եւ այս բանը ուզողները մոռացութեան են տուել այն, որ ի սկզբանե եղել է երկինքը, և երկիրը՝ ջրերից, և ջրերը, որ մնում են հաստատ Աստծո խոսքով. դրա համար էլ այն ժամանակվա աշխարհն ապականվելով կործանվեց ջրհեղեղով:
Իսկ այժմ երկինք և երկիր պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակի դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց կործանման օրվա համար:
Բայց այս ևս ձեզնից ծածկված չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպէս մեկ օր:
Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մէկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն:
Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և տարերքը, հրով կիզված, պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, հայտնի պիտի լինեն:

ՆՈՐ ԵՐԿԻՆՔ, ՆՈՐ ԵՐԿԻՐ
Եվ քանի որ այս ամենն այսպես պիտի լուծվի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պետք է լինեք դուք. սուրբ վարմունքով և աստվածապաշտ ընթացքով՝ սպասելով և հասնել ջանալով Տիրոջ օրվա գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և տարերքը հրկիզվելով պիտի հալվի:
Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի և նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում:
ՈՒստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ: Եվ Տիրոջ համբերատարությունը փրկությո՛ւն համարեցեք»։ (Պետրոս առաքյալի երկրորդ թղթի 2-րդ և 3-րդ գլուխներից, հատվածաբար)։
Իսկ գալիք բաների մասին առավել իմացության համար կարող եք ինքներդ կարդալ նաև Հայտնության 8-10 գլուխներից։
Այդ մեծ ու ահավոր վրեժխնդրության օրը դարձյա՞լ թերմոդինամիկայի օրենքների մասին պիտի մտածեն մեր հայորդի հոդվածագիրը և իր նման անհավատները, թե՞ հոգու փրկության։
Հարց. իսկ ո՞րն է փրկության այն տապանը, որ կարողանանք գալիք կրակից փրկվենք։ Պատասխան. Քրիստոսի առաքյալների հիմնած եկեղեցին, նրա յոթ սուրբ խորհուրդներով, որին դժոխքի դռները չեն հաղթի։
Այժմ ավարտենք պատասխան գիրը դարձյալ Աստծո խոսքով, որպես միակ ճշմարտության կռվան սատանայի ու իր մոլորյալ կամակիցների դեմ:
Տերն ասաց. «Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթե խելամիտ ես ու իմաստուն: Ո՞վ է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրա: Ինչի՞ վրա է հաստատվել օղակը դրա, ո՞վ է դրել անկյունաքարը դրա: Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին Ինձ, Իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ: Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրև խանձարուր: Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, և ասացի. «Կգաս մինչև այդ վայրն ու այլևս առաջ չես անցնի». այդտեղ, քո մեջ կը խորտակվեն ալիքները քո:
Կամ թե դո՞ւ ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին և, խոսուն, զետեղեցիր երկրի վրա…
Մերժեցի՞ր լույսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտավանների: Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների: Քո առաջ ահով բացվելո՞ւ են դռները մահվան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով: Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածության. ասա՛ ինձ, տեսնեմ՝ որքա՞ն է այն: Ո՞րն է այն երկիրը, ուր լույսն է օթևանում, կամ ո՞րն է տեղը խավարի: Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթե գիտես ճանապարհները դրանց: Գուցե գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնվել. քո օրերը բազո՞ւմ են: Գնացե՞լ ես շտեմարանները ձյան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար: Որտեղի՞ց է դուրս գալու եղյամը: Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա, որ հագեցնի անկոխ ու անշեն հողը, այնտեղ բխեցնի բույսը դալար: Ո՞վ է հայրն անձրևի, և ո՞վ է, որ ծնունդ է տվել ցողի շաղերին: Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառույցը, և ո՞վ է երկնքում եղյամ ծնել, որ ջրի պես հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը: Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քողը Հայկ համաստեղության: Ձայնովդ կկանչե՞ս մեգը. նա էլ, սարսուռով համակված, ջրի հորդությամբ կլսի՞ քեզ: Շանթեր կարձակե՞ս, ու կսլանա՞ն դրանք. և կասե՞ն քեզ՝ թե ինչ է սա…:
Ո՞վ է հաշվում ամպերն իմաստութեամբ: Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրա, հողը փոշու պես թափել…
Կերակուր կորսա՞ս առյուծների համար, վիշապների մարմինը կկշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած: Ո՞վ է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն՝ ուտելիք խնդրեն…
Գիտե՞ս քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լավ հետևե՞լ ես եղնիկների երկունքին: Կարո՞ղ ես լրիվ թվել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց…
Մի եղջերուն հոժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մեջ: Չվանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում…
Եվ Տեր Աստուած խոսեց ու Յոբին ասաց. «Միթէ մեկը պիտի կարողանա՞ Իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու Նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»:
Յոբը նորից խոսեց ու Տիրոջն ասաց. «Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձվեմ: Բերանս բացեցի մի անգամ արդեն, էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»: (Հոբ 38-42 գլուխներից, հատվածաբար)։
ՈՒ երանի թե իրեն իմաստուն կարծող հայորդի մեր հոդվածագիրը, որ դեռևս իր բնապաշտական գաղափարներով անմտաբար մարտնչում է Տիրոջ ճշմարտության դեմ, կարողանա իր մեջ ազնվության ուժ գտնել և խոնարհաբար պատասխանել Հոբի նման։
Ապաշխարե՛ք և դուք, սիրելի հայորդինե՛ր, որ ձեր բանականությանը ապավինելով, Աստվածաշունչը մարդկային փուչ մտքի արգասիք համարելով` Աստծուն սուտ եք հանում և ձեր հոգիների դեմ մեղք գործում։ Ապաշխարե՛ք զղջումով, քանի դեռ մարդկության մեղքերի համար կրակով հատուցման և մաքրագործման օրը չի եկել։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Մեկնաբանություններ